Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները մտավախություն չունեն, որ TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղին կարող է միակողմանի բացվել, քանի որ հստակ սահմանվել է փոխադարձելիության սկզբունքը Վաշինգտոնյան համաձայնագրերի շրջանակում։
Նա վստահություն է հայտնել, որ ՀՀ քաղաքացիների համար Ադրբեջանով ճանապարհներ կբացվեն, քանի որ ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է։
TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղու գործարկման համար, նախարարի խոսքով, աշխատանքային խմբեր կձևավորվեն, իսկ դրանց ֆորմատի մասին կառավարությունը լրացուցիչ կտեղեկացնի։
«ՀՀ իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը՝ դրանից բխող և տեխնիկական, և բովանդակային բոլոր առումներով»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։




































