Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին։ Տեսչական մարմնից հայտնում են, որ մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը։
Նրանք նշել են, որ պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք ստիպված ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք:
Տնտեսվարողները հանդիպման ժամանակ առաջարկել են գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:
Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ խնդրի լուծման հասցեատերերը հենց վաճառքի կետերն են:
«Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի»,- ասել է նա։
Նշվում է, որ ՍԱՏՄ երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում միայն Երևանում առգրավվել և ոչնչացվել է1859,9 կգ միս-մսեղիք:
Երևանի Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում անցկացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերվել էին մի շարք էական խախտումներ, մսի իրացման կետերը դադարեցրել էին աշխատանքը և փակվել, իսկ մատակարարները չէին կարողացել փաստել իրենց մսի սպանդանոցային ծագումը:
ԳՈՒՄ-ի շուկայում Սննդի անվտանգության տեսչական մարմնի և ՆԳՆ-ի համատեղ ստուգայցը լարված վիճաբանության էր վերածվել, ինչից հետո 8 անձ էր ձերբակալվել, այդ թվում՝ մի քաղաքացի, որը փորձել էր ինքնահրկիզվել։