Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ:
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
2024-ի հուլիսին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը: ՀՀ ՊՆ-ն Armenia Today-ին մեկնաբանել էր որոշումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ ՊՆ-ում ընդգծել էին, որ որոշումը ՀՀ ԶՈւ բարեփոխումների շրջանակում է։