ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վարդավառն Իրական Հայաստանի ամենատոնն է, որ «գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը և մեզ հետագծում մինչև մեր արմատների ամենախորքերը»։
Վարչապետի խոսքով՝ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու և հարատև պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։
«Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ»,- եզրափակել է նա։
Այսօր Հայաստանում նշում են «Վարդավառը»՝ ամենասիրված և ուրախ տոներից մեկը։ Մարդիկ ամբողջ երկրում ջուր են ցողում միմյանց վրա։
Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, կոչվում է նաև «Այլակերպության տոն» կամ «Վարդավառ»: