Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երկու բողոք է ներկայացրել Բաքվում կայացած «դատական» նիստին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը հայտարարել է, որ նախաքննության փուլում գործին մասնակցած թարգմանիչները ոչ պրոֆեսիոնալ էին, և բացարկ է հայտնել նրանց: Նա նաև հայտարարել է, որ համաձայն չէ փետրվարի 25-ի դատական նիստի արձանագրություններում նշված որոշ կետերի հետ:
Վարդանյանի խոսքով՝ դատարանի կողմից միջնորդության քննության կարգը խախտվել է։ Նշելով, որ դատարանը հետաքրքրվածություն է ցուցաբերում քրեական հետապնդման նկատմամբ, նա կրկին բացարկ է հայտնել դատական կոլեգիայի կազմին:
Երկու բողոքներն էլ մերժվել են։ Բացի դրանից, նիստի ընթացքում լսել են «տուժողների ցուցմունքները»։
Հաջորդ նիստը նախատեսված է հուլիսի 29-ին:
Նշենք, որ Բաքվում «դատավարությունն» ընթանում է անկախ լրատվամիջոցների և միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:
Հուլիսի 15-ին «Հրապարակը» գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Վաշինգտոնի առաջարկը՝ դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ միջնորդելու Վարդանյանին ազատ արձակելու համար։
Հունվարի 17-ին սկսվել են Արցախի առաջնորդների դատավարությունները: Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։