Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վարհամ Խորխոռունու սպանության գործում, որը տեղի էր ունեցել 27 տարի առաջ, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Բաբայանն ամիսներ առաջ իրավապահներին հաղորդում էր ներկայացրել համացանցում օգտատերերից մեկի՝ Խորխոռունու սպանության մեջ իրեն մեղադրելու առթիվ։ Բաբայանը պահանջել էր գրառման հեղինակին կանչել հարցաքննության ու պարզել իրողությունը, որը մերժվել էր։
Թերթը նշել է, որ սպանության գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետ Սասուն Առուշանյանը, որն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով Բաբայանին առաջադրված մեղադրանքում դերակատարում է ունեցել։
Թերթի տեղեկությամբ՝ եթե Բաբայանը 2026-ի ընտրություններից առաջ ոչ իշխանահաճո քայլեր անի, ապա նրան էլ այդ գործում կներգրավեն։
Բաբայանը Factor.am-ին հերքել էր, որ Առուշանյանն իր թիկնազորի պետն է։ Նրա խոսքով՝ թիկնապահ չի ունեցել, որ թիկնազորի պետ ունենար։ Բաբայանը նշել էր, որ Առուշանյանն շտաբի ծառայող էր, սպա։