Մարդու իրավունքների միջազգային դատարանը կառաարությանը հարցեր է ուղղել հուլիսի 11-ին կալանավորված Լիանա Հարությունյանի 8 ամսական երեխայի պահման վայրի վերաբերյալ, հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Նա տեղեկացրել է, որ փոքրիկը դեռ հիվանդանոցում է, ուր տեղափոխվել էր հունիսի 13-ին, ավելի ուշ ԲԿ էր տեղափոխվել նաև Հարությունյանը, քանի որ երեխան մոր խնամքի կարիքն ուներ։ Փաստաբանը նաև նշել է, որ այսօր հիվանդանոց տեսակցության է գնացել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Նա նախարարի այցը կապել է ՄԻԵԴ ծանուցման հետ՝ նշելով, որ «արձագանքը ժամանակավրեպ է»։
Հուլիսի 11-ին Փոստանջյանն ահազանգել էր անչափահաս երեխաներ, այդ թվում՝ 8 ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։ Դատարանն սկզբում խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, սակայն վարձակալած տան սեփականատերը հրաժարվել էր թույլ տալ պատիժը կրել իր տանը։ Այնուհետև դատավոր Արշակ Մաթևոսյանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել, ինչի հետևանքով կնոջ հետ բանտախուց էր տեղափոխել նաև 8 ամսական աղջիկը։ Կնոջը մեղադրում են անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար։
Հուլիսի 13-ին Փոստանջյանն ահազանգել էր, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բանտախուցը, ուր գտնվում են կինն ու երեխան, չունի տաք ջուր և տաք ջուր ապահովող սարք։ Նա նաև ընդգծել էր, որ երեխան առողջական խնդիրներ է ձեռք բերել, բայց պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։ Քրեակատարողական ծառայությունը հերքել էր փաստաբանի՝ պահման վայրի մասին պնդումները, միևնույն ժամանակ տեղեկացրել, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել։