ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի «ինքնիշխան գործն» է անվանել ՀԱՊԿ-ից երկրի հնարավոր դուրս գալը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին՝ նա ասել է, որ Ռուսաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությամբ (ՇՀԿ), այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում։ Բայց մենք, իհարկե, շահագրգռված ենք բոլոր վեկտորներով, բոլոր ուղղություններով առավելագույն փոխգործակցությամբ, և բացի բազմակողմ ձևաչափից, մեզ, միևնույն է, միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Մտադիր ենք դրանք հետագայում զարգացնել»,- ասել է Պեսկովը «Մայակ» ռադիոկայանին։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին ռուսական կողմը նկատում է «տարբեր ուղղություններով հավասարակշռման» Երևանի ձգտումը։
«Մենք գիտենք, թե կոնկրետ, օրինակ, ինչ է բերում Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ համեմատության մեջ է իմացվում»,- հայտարարել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ավելի հավանական է դուրս գա ՀԱՊԿ-ից, քան «ապասառեցնի» իր անդամակցությունը կազմակերպությանը: