Եկատերինբուրգում ձերբակալվել է Սվերդլովսկի «Ադրբեջան-Ուրալ» տարածաշրջանային հասարակական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկու որդին՝ Մութվալա Շիխլինսկին, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Հուլիսի 1-ին հայտնել էինք, որ ձերբակալվել է Շահին Շիխլինսկին։ Որդին նրան ձերբակալելու ժամանակ մեքենայի ղեկին էր և վրաերթի էր ենթարկել անվտանգության աշխատակցին։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարացել են ուժային գերատեսչությունների փոխադարձ գործողությունների ֆոնին։ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Եկատերինբուրգում հարձակման ժամանակ ձերբակալված 6 ադրբեջանցիներից 5-ին: Ադրբեջանական դատարանը կալանավորել էր ՌԴ 8 քաղաքացու։ Հուլիսի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել։
Հունիսի 30-ին Ադրբեջանի ՆԳՆ աշխատակիցները խուզարկություններ և ձերբակալություններ էին իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում: Գերատեսչությունից պնդել էին, որ ձերբակալված լրագրողներն «իրականում ՌԴ ԱԴԾ գործակալներ են և պարբերականում աշխատել են քողարկված»։ Այնուհետև Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա էր հանձնել՝ ռուս լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին ազատ արձակելու պահանջով: Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ ռուսական կողմին բողոք էր ներկայացվել։