Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական վճարային համակարգը կգործի վճարման երեք ձևաչափով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Երթևեկության համար հնարավոր կլինի վճարել տրանսպորտային քարտով, անհպում բանկային քարտով (բոլոր բանկերը, բացառությամբ՝ ՎՏԲ-ի) և բջջային հավելվածով։
Քաղաքապետարանը հայտնել է, որ տրանսպորտային քարտ կարելի է ձեռք բերել տերմինալներում կամ մետրոյի կայարանների դրամարկղայիններից, Telcell սպասարկման կետերում կամ Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների տեղեկատվական տաղավարներում։
Քարտն ստանալուց հետո պետք է միացնել ցանկալի սակագնային փաթեթը transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալների միջոցով կամ Telcell սպասարկման կետերում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախկինում հայտարարել էր հասարակական տրանսպորտի QR կոդով վճարային համակարգն ամբողջությամբ առցանց ռեժիմ տեղափոխելու որոշման մասին։