Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ, որոնց հետ քննարկել է թե՛ Հայաստան- Ֆրանսիա հարաբերությւոնները, թե՛ տարածաշրջանային հարցեր, տեղեկանում ենք Ազգային ժողովից։
ՀՀ ԱԺ խոսնակի և ֆրանսիացի պաշտոնյաների մասնակցությամբ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ հանդիպմանը Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը:
Սենատի նախագահի հետ քննարկմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, առանձին անդրադարձ կատարվել նաև տարածաշրջանային իրավիճակին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին բանակցություններ էին վարել Աբու Դաբիում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը: