ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Հայաստանին և Ադրբեջանին առաջարկ է ներկայացվել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Մամուլի հրապարակումների վերաբերյալ որևէ ինֆորմացիա չունենք»,- «Արմենպրես»-ին հայտնել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
Հունիսի 30-ին «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը նշել էր, որ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։ Հոդվածում ասում էր, որ գործընթացն առաջ մղելու համար Միացյալ Նահանգները հնարավոր է՝ փորձի համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի սահմանադրությամբ սահմանված իր պահանջներից։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին բանակցություններ էին վարել Աբու Դաբիում:
Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության մասին սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը որևէ երրորդ ընկերության։