Զրպարտիչ և վիրավորական արտահայտությունների համար առնվազն 150 անձի դեմ քաղաքացիական հայցեր կներկայացվեն, հայտնել է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը հուլիսի 9-ին ներկայացրել է շարժմանը վերագրվող «իշխանության զավթման, ահաբեկչության փորձի» գործին առնչվող մանրամասները։
Նա տեղեկացրել է, որ դատարան հայցեր են ներկայացնելու իշխանության տարբեր ներկայացուցիչների և փոխկապացված անձանց դեմ։
«Հայցեր ենք ներկայացնելու տարբեր օղակների քարոզիչների դեմ, ովքեր խախտելով անմեղության կանխավարկածը` թեման ուռճացնում են՝ այն համեմելով վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով»,- հավելել է նա։
Փաստաբանը պնդել է, որ «Սրբազան շարժմանը» վերագրվող «իշխանության զավթման, ահաբեկչության» փորձի գործին առնչվող ձայնագրությունները մոնտաժված են և աղճատում են բովանդակությունը։
«Գործը ձևակերպել են 2024-ի օգոստոսից սկսված մինչև 2025-ի հունիս իրականացրած գաղտնալսումների կամ այլ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում։ Նույնիսկ ոչ մասնագետների համար է հասկանալի, որ դրանք մոնտաժված են։ Ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլև տարբեր հատվածներից ամբողջական նախադասություններ են հավաքել։ Օրինակ՝ կա խոսակցություն այն մասին, որ «այսինչ գործողությունը պետք է անենք օրինական եղանակով»։ ՔԿ ձայնագրության մեջ «օրինական եղանակով» արտահայտությունը դուրս է բերվել»,- ընդգծել է փաստաբանը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: