ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ կհաջողվի՞ արդյոք դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, հայտնում է Politico-ն։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցն իր համար մնում է առաջնահերթություն:
«Ես չգիտեմ։ Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ»,- ասել է Թրամփը լրագրողներին և հավելել, որ կցանկանար հակամարտության դադարեցում։
Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր։ Ի սկզբանե նա ասում էր, որ կարող է հասնել ռազմական գործողությունների դադարեցման ընդամենը մեկ օրում։ Ավելի ուշ, սակայն, արդեն նախագահ դառնալով, իր հայտարարությունն անվանել էր «չափազանցություն»։
Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:





































