Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արհեստական բանականության տվյալային խոշոր կենտրոնի ստեղծման ծրագիրը քննարկել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանի, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և Team Telecom Armenia-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Փաշինյանը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և շեշտել, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:
Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:
Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 մլն դոլար: Նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։