ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ Մոսկվան հնարավոր բոլոր միջոցներով կպաշտպանի Բաքվում կալանավորված քաղաքացիներին, ովքեր մեղադրվում են Իրանից թմրամիջոցների տարանցման, դրանց առցանց շրջանառության և կիբեռհանցագործության մեջ։
«Ուշադիր դիտել ենք տեսանյութերը, ուշադրություն ենք դարձրել բոլոր մանրամասներին։ Մենք դիվանագիտական ուղիներով կպաշտպանենք մեր քաղաքացիների օրինական շահերը, կօգտագործենք դրա համար ունեցած բոլոր միջոցները»,- ասել է Պեսկովը։
Բացի այդ, Կրեմլի մամուլի քարտուղարը հստակեցրել է, որ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը չի քննարկվել։ Այս պահի դրությամբ՝ ՌԴ նախագահի օրակարգում նմանատիպ շփումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս նախատեսված չեն։
Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել էր Ռուսաստանի ութ քաղաքացիների, որոնց թվում կան ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Նրանց ձերբակալությունը տեղի էր ունեցել կոշտ եղանակով և դիտարկվում է որպես պատասխան՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալություններին, որոնց ընթացքում երկու մարդ էր մահացել՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները։