Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ վարել նրա միջուկային ծրագրի շուրջ և համաձայնության հասնել, Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է CNN-ը։
«Մենք պատրաստվում ենք Իրանի հետ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ, հնարավոր է՝ համաձայնագիր ստորագրենք։ Ինձ չի հետաքրքրում՝ համաձայնություն ունե՞նք, թե՞ ոչ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ծրագիրը»,- հավելել Է նախագահը։
Խոսելով առաջիկա բանակցությունների մասին՝ Թրամփն ընդգծել է՝ «մենք կխնդրենք միայն այն, ինչ խնդրել ենք նախկինում․ մենք միջուկային զենք չենք ցանկանում (Իրանից)»:
Թրամփը նշել է, որ «վատ չէր լինի փաստաթուղթ ստանալ» Թեհրանի հետ բանակցությունների արդյունքում:
«Կցանկանայինք խաղաղ հարաբերություններ ունենալ ցանկացած երկրի հետ և, ակնհայտ է, որ դա կախված կլինի ոչ միայն խաղաղ բանակցություններին մասնակցելու Իրանի պատրաստակամությունից, այլև Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց, այլ ոչ թե ինչ-որ երրորդ կամ չորրորդ երկրի միջոցով»,- իր հերթին՝ ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը նույնպես մասնակցել է մամուլի ասուլիսին:
ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Հունիսի 24-ին Թրամփը հայտարարել էր, որ Իրանը կհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, և պատրաստ է Իսրայելին խաղաղության կոչով դիմել: ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ եկել է խաղաղության ժամանակը։ Նույն օրը Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։ Հունիսի 24-ի դրությամբ՝ Իրանում հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել էր առնվազն 606 մարդ։