Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Մայր Աթոռում տեղի ունեցած 9-րդ միաբանական համագումարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված քայլերը հայ եկեղեցականությանը վարկաբեկելու փորձ է անվանել, տեղեկանում ենք Մայր Աթոռի հաղորդագրությունից։
«Հայոց հովվապետը վարչապետի կողմից կաթողիկոսի և եկեղեցականության թիրախավորմանն անդրադառնալով՝ նշել է, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու եկեղեցուն, լռեցնել եկեղեցու ձայնը և նվազեցնել նրա բարձր վարկն ու հեղինակությունը մեր հասարակության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի ուշ Միաբանական համագումարը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով իշխանությունների հայտարարությունները և դրանք որակելով որպես հակաեկեղեցական արշավ։
«Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով։ Որպես Հայ եկեղեցու վարդապետաց դաս՝ հորդորում ենք մեր սիրելի հավատավոր ժողովրդին անսասան մնալ իրենց սուրբ և ճշմարիտ հավատքի մեջ, հավատարիմ քրիստոնեական արժեքներին, ամուր կանգնել ազգային ինքնության հիմերի վրա, պահպանել ազգային-հոգևոր դիմագիծը, միասնաբար հաղթահարել արտաքին ու ներքին վտանգներն ու սպառնալիքները»,- ասված է հայտարարության մեջ։
Միաբանական համագումարի ներկայացուցիչներն իշխանություններին կոչ են արել դադարեցնել եկեղեցու, կաթողիկոսի և հոգևորական դասի նկատմամբ հարձակումները։
«Այդ հարձակումները ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների՝ վնասելով մեր ժողովրդի, պետության և պետականության անվտանգությանը»,- ընդգծել են հայտարարության մեջ։
Միաբանական համագումարը տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պայմաններում կոչ է արել լծվել պետության առջև ծառացած անվտանգության լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը։
Մայր Աթոռից հավելել են, որ միաբանական համագումարը տեղի է ունեցել հունիսի 16-21-ը, որին մասնակցել են Սուրբ Էջմիածնի միաբաններ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություններից: Համագումարի խորագիրն էր «Սուրբ Էջմիածին՝ բանալի երկնի արքայության»։
Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում վիրավորական գրառումներ էր հրապարակել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների դեմ, իսկ ավելի ուշ կոչ արել ընտրել նոր կաթողիկոս։
Հունիսի 2-ին Փաշինյանը կասկածի տակ էր դրել այն փաստը, որ Գարեգին Բ-ն պահպանել է կուսակրոնության երդումը։ Փաշինյանը հայտարարել էր կաթողիկոսին փոխելու համար համակարգող խումբ ստեղծելու մասին։ Հունիսի 17-ին Փաշինյանը վերսկսել էր եկեղեցուն ուղղված իր հայտարարություններն այն բանից հետո, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը քննադատել էր իշխանությունների գործողությունները։
Կարդացեք նաև՝