ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ, տեղեկանում ենք Egov.am-ից:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ժամանակավորապես կկատարի ծառայության տնօրենի պարտականությունները:
Թե որն է ազատման պատճառը, պաշտոնապես չի հաղորդվել: «Հրապարակ»-ը, մինչդեռ, հղում անելով սեփական տեղեկություններին, գրել է, որ վարչապետն Աբազյանին պաշտոնից ազատել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան առջև «շոու չանելու» պատճառով: Ըստ լրատվամիջոցի՝ Կարապետյանին բերման ենթարկելու հրահանգ կար, ընդ որում՝ հավաքված ժողովրդի մոտ՝ տեսախցիկների առջև։
Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները: Նշենք, որ Փաշինյանն իր վարչապետության տարիներին արդեն հինգերորդ ԱԱԾ տնօրենին է ազատում պաշտոնից:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։