Երևանում հունիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի որակի վատթարացում արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ հունիսի 4-ին, 8-ին և 9-ին, Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 7-ին, Արաբկիրում՝ հունիսի 6-ին:
Որոշ թաղամասերում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միաժամանակ՝ ծծմբի երկօքսիդի պարունակությունը նորմայի սահմաններում էր:
Փոշու բարձր պարունակություն է նկատվել նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքների օդում։ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում նման պատկեր արձանագրվել է հունիսի 2-ին, 3-ին, 6-ին և 7-ին: Ալավերդիում օդի փոշին զգացվել է հունիսի 1-ին և 4-ին, նշել է կենտրոնը։
Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի աղտոտվածության նվազեցման չորսամյա ծրագիր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում օդի աղտոտվածության վերաբերյալ կարծիքներն «առասպել» էր անվանել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը մայիսի 12-ին հաղորդել էր, որ Երևանի կենտրոնում մայիսի 11-ին ուժեղ քամու հետևանքով օդում փոշու կոնցենտրացիան 3,9 անգամ գերազանցել էր սահմանային թույլատրելի նորման: Կենտրոնը 2024-ին նախազգուշացրել էր մայրաքաղաքի օդում փոշու պարունակության՝ սահմանային թույլատրելի նորմերը գերազանցելու մասին:
Մայիսի 15-ին Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս են գնահատում Երևանի օդի որակը, նկատո՞ւմ են աղտոտվածություն և արդյոք նախկինո՞ւմ էլ են նկատել նման վիճակ: