Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությանը, որում նա Լեռնային Ղարաբաղն անվանել է «վիճելի տարածք»:
Գերատեսչությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը», և որ նրա խոսքերը «ափսոսանք և զարմանք են առաջացնում»:
Բաքուն նշել է, որ Ռուսաստանն «ինքն է ճանաչել և շարունակում է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս»: ԱԳՆ-ն «անտեղի» է անվանել Մեդինսկու կողմից արցախյան և ուկրաինական հակամարտությունների համեմատությունը և խորհուրդ է տվել ռուս պաշտոնյային «զերծ մնալ միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց»:
Հունիսի 9-ին Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության շրջանակներում ստեղծված իրավիճակը համեմատել էր Արցախի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի գծում, և համաձայնության չլինի «իրական խաղաղության» շուրջ, ապա այդ տարածաշրջանը «կվերածվի հսկայական Ղարաբաղի»: