Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ կառույցի՝ կայարանի կառուցման մասով մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը:
Նշվում է, որ նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկվել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հանդիպման ընթացքում:
Ներդրումային փաթեթը ներկայացվել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Հանրային ներդրումային կոմիտեում որոշումներ ընդունելու համար։
2024 թվականի դեկտեմբերին Ավինյանը հայտնել էր, որ Աջափնյակի մետրոն կսկսեն կառուցել 2026 թվականից։