Երևանում տղամարդը մայիսի 26-ին կացնով հարձակվել է շտապօգնության խմբի վրա, այնուհետ ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ հասարակայնության և լրատվության կապերի վարչությունից։
Իրավապահ կառույցից մանրամասնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 10-րդ բարաք թաղամաս, իսկ դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանությունն ստացել է ժամը 22։10-ին։
«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած խումբը պարզել է, որ շտապօգնության խումբն ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ բնակիչներից մեկը, գտնվելով ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է շտապօգնության բժիշկին պատմել, թե ինչպես է կոտրել նշված տան սանհանգույցը, միջանցքից վերցրել է կացինն ու անկանոն շարժումներ անելով՝ նետել նրա ուղղությամբ»,- փոխանցել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ ձերբակալվածի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։