Քիչ առաջ Ադրբեջանը Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար գյուղերի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտել է, հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շուրջ մեկ ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին, որոշակի պարբերականությամբ, կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով:
«ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ պադվալով շանտաժ անողներն այս ամենն, իհարկե, կանտեսեն, որովհետև Ադրբեջանի հետ հարաբերություններում ծուռվզի, կռացածի ու հպատակվածի կարգավիճակ ունեն: Իսկ «դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ են»,- շեշտել է պատգամավորը:
Մայիսի 1-ին Աբրահամյանը հայտնել էր, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից։
Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո։ Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈւ կրակոցների հետևանքով վնասվել էր գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։






































