«Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքից բացի աշխատանքներ է տանում նաև քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմից մանդատներ յուրացնելու ուղղությամբ, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին:
Ըստ թերթի՝ Ղուկասյանի թիմից 2 մարդու նկատմամբ քրեական վարույթ է նախապատրաստվում, և եթե նրանք հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր են ձերբակալություններ։ Թերթին հայտնի չէ, թե ում նկատմամբ են հարուցվելու քրեական գործերը։
Մայիսի 6-ին հայտնի էր դարձել, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն երկու օր անց նոր դիմումով նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անկախ անդամ և ուզում է դուրս գալ խմբակցությունից։ Գրիգորյանը կասկած էր հայտնել, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա և «փորձում է զավթել Գյումրին»։
Ձայների հարաբերակցությունն իր օգտին փոխելու համար ՔՊ-ին 3 ձայն է պակասում։