Հայաստանի կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն է տվել նախագծին, որով ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիները կկարողանան դիմել և ստանալ Mobile ID։ Գործող կարգավորումներով նման տիպի ID-ի դիմելու և ստանալու հնարավորություն ունեն միայն ՀՀ քաղաքացիները, որոնք ստացել են նույնականացման քարտ։
Ըստ նախագծի՝ ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիները կարող են ստանալ Mobile ID՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից նույնականացման վերաբերյալ օտարերկրացիների հաշվառման համակարգում համապատասխան նշում կատարելուց հետո, որի համար հարկավոր է նախապես ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։
Mobile ID-ի համար կարող են դիմել այն օտարերկրացիները, որոնք մինչև վերոնշյալ նախագծով սահմանված կարգավորումների ուժի մեջ մտնելը կացության կարգավիճակ, համապատասխան վավեր հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող վավեր տեղեկանք ունեն։
Նշենք, որ Mobile ID-ն բջջային հեռախոսի միջոցով անձը նույնականացնելու և փաստաթղթերը էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու արդյունավետ գործիք է։