Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում բացի իր միջուկային ծրագրից այլ բան չի քննարկի, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբային՝ Օմանի խորհրդատվական խորհրդի նախագահ Խալեդ ալ Մաավալիի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցություններ վարելու որոշումը պատասխանն է այս երկրի բուլինգին։ Մյուս կողմից՝ ներկա պայմաններում մենք պատրաստ ենք բանակցել միայն միջուկային ծրագրի շուրջ, իսկ մնացածը նշանակություն չունի»,- Իրանի խորհրդարանի փոխխոսնակի խոսքերը մեջբերել է ԻՍՆԱ գործակալությունը։
Հաջի Բաբային պարզաբանել է, որ Թեհրանը հրաժարվել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններից՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում իր պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև մշտական սպառնալիքների և պատժամիջոցների պատճառով։
Թեհրանն ապրիլի 6-ին հարևաններին զգուշացրել էր, որ Իրանի վրա հարձակվելու հարցում ԱՄՆ-ին աջակցելը հետևանքներ կունենա։
Փետրվարին ԱՄՆ նախագահը հրամանագիր էր ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը վերականգնելու մասին։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ առաջարկելով քննարկել միջուկային ծրագիրը: Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողության, ինչպես նաև մերժել էր Վաշինգտոնի հետ բանակցությունների հնարավորությունը: Մարտին Թեհրանը հայտնել էր, որ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է ուղիղ բանակցություններ վարել, սակայն հայտարարել էր անուղղակի երկխոսության հնարավորության մասին: