ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 32 կողմ, 58 դեմ և 1 ձեռնպահ ձայներով մերժել է «Հայաստան» դաշինքի առաջարկած նախագիծը՝ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել պարենային զամբյուղի ամսական զամբյուղից ոչ պակաս, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը՝ սպառողական զամբյուղի ամսական արժեքից ոչ պակաս։
«Քաղաքացիական պայմանագիրը» որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հարցն արդեն ՔՊ քաղաքական թիմի հանձնառությունն է, որն ստանձնել էր 2021 թվականին, հետևաբար՝ առանձին օրենքով այն ամրագրել չի պատրաստվում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդել է, որ առաջարկվող փոփոխությունները կարգավորվում են այլ օրենքներով, այդ թվում՝ կառավարության 2021-2026թթ. ծրագրով։ Նրա խոսքով՝ «Հայաստանի կառավարությունը նվազագույն կենսաթոշակները բարձրացրել է տարեկան լրացուցիչ 380 միլիոն դոլարով»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կոնջորյանին մեղադրել է թվերը շահարկելու մեջ և նշել, որ իրականում՝ կենսաթոշակներն ավելացել են ընդամենը մի քանի հազար դրամով, և ներկայացված գումարը կարող է արտացոլել հանրապետության բոլոր թոշակառուներին հատկացվող միջոցների ընդհանուր չափը։
2024 թվականի հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ասել էր, որ կենսաթոշակի հաջորդ բարձրացումը նախատեսված է 2025 թվականին։