ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև Բաքվում պահվող հայերի հայրենադարձությանը վերաբերող հարցեր, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ օրակարգին և տարածաշրջանային զարգացումներին
Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարևոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից:
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։ Մարտի 13-ին Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ որ խաղաղության պայմանագիրը կնպաստի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն ավարտվել է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրի բանակցությունների մասին պատմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։