Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել խաղաղության պայմանագիր կնքել առանց միակողմանի զիջումների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հայրենիք վերադառնալու իրավունքի երաշխավորմամբ։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Երևանի համաձայնությունը Բաքվի պահանջներին՝ կապված խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի հետ, ըստ որի՝ զիջումների է գնում միայն հայկական կողմը։ Համբարյանը փաստաթուղթն անվանել է «Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի կապիտուլյացիա, որը Երևանին պարտադրվել է զենքի սպառնալիքով»։
Կոմիտեն կասկած է հայտնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարող են կարգավորվել այն պայմաններում, երբ Բաքուն շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը՝ ապօրինի կալանավորել և խոշտանգել հայ բանտարկյալներին, սպառնալ Հայաստանի գոյությանը՝ պահանջելով փոխել երկրի Սահմանադրությունը և կանխել հայերի հավաքական վերադարձն Արցախ։
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը, որոնց համաձայնել է Հայաստանը և որը նշանավորում է փաստաթղթի տեքստի շուրջ բանակցությունների ավարտ։ Նա հաստատել էր, որ հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։