Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ այն շուտով կստորագրվի, ասվում է կազմակերպության քարտուղարության հաղորդագրության մեջ։
«Փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման հույս ենք հայտնում և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության կարևորագույն ոլորտներից մեկում»,- ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ:
Մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք մինչ այժմ բաց էին։
Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր նախագծի հաստատման ավարտը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի շուրջ։