Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկու երկրների միջև վիճահարույց հատվածների շուրջ շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում պետական սահմանի մասին պայմանագիր են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը համատեղ հայտարարություն են ստորագրել:
Փետրվարի 21-ին Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ, Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Կամչիբեկ Տաշիևը և Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յաթիմովը, որոնք ղեկավարում էին կողմերի կառավարական պատվիրակությունները պետական սահմանի շուրջ բանակցություններում, Բիշքեկում ստորագրել էին սահմանագծի ընդհանուր հատվածի սահմանազատման մասին արձանագրությունը:
Ղրղզստանում կարծում են, որ կողմերը փոխանակել են հավասարազոր վիճելի տարածքներ։ Տաշիևն արձանագրության ստորագրումը պատմական իրադարձություն է անվանել։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը կազմում է մոտ 980 կմ: Դրա սահմանազատման (պետական սահմանի որոշման՝ դրա անցման նկարագրությամբ և քարտեզագրմամբ) շուրջ բանակցությունները շարունակվել են 2002թ․ դեկտեմբերից: Այս հարցի չկարգավորված լինելը բազմիցս հակամարտությունների պատճառ է դարձել տեղի բնակիչների և երկու հանրապետությունների զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի էր ունեցել 2022թ․ աշնանը։ Ընդհանուր առմամբ՝ 2014 թվականից ի վեր ղրղզա-տաջիկական սահմանին տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ հակամարտություն: