Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերադարձել է արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արտասահմանյան հանդիպումներից ոգեշնչված, գրում է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի` Օսկանյանը մարտի 8-ին Արցախի ներկայացուցչությունում արցախցի պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատանքն արդյունք է տալիս, ինչի վկայությունն է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, ինչպես նաև Կանադայում արված հայտարարությունները։
«Օսկանյանը կարևորել է ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ Արցախի ժողովրդի գործունեությունը և հույս հայտնել, որ հայրենասեր կառավարության օրոք իրավիճակը կարող է արմատապես փոխվել», – նշվում է հրապարակման մեջ։
Մարտի 10-ին Օսկանյանը հայտարարել էր, որ իր գլխավորած կոմիտեն առաջիկա ամիսներին մասնակցելու է Վաշինգտոնում, Բրյուսելում, Ժնևում և այլ քաղաքներում կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու՝ ուղղված Բաքվից հայ ռազմագերիների ազատ արձակմանը միջնորդելու դիվանագիտական մթնոլորտ ստեղծելուն։
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնաժողովն ստեղծվել է Արցախի խորհրդարանի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։ Այն գլխավորում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (1998-2008թթ․)։