Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառաջարկի Հայաստանի սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախաբանում Անկախության հռչակագրի հղումը փոխարինել իր հեղինակած «Իրական Հայաստան» գաղափարախոսության նախագծով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ վկայակոչելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Նրանք չեն բացառել, որ նոր Սահմանադրության նախաբանից կհանվի հղումն Անկախության հռչակագրին։
Ըստ հրապարակման՝ Փաշինյանի գաղափարը կուսակցության աջակցությունը չի ստացել, սակայն նա վճռական է իրագործել այս ծրագիրը, նույնիսկ եթե նրա քաղաքական թիմից ոչ ոք չաջակցի նախաձեռնությանը։
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին քննարկումներն սկսվել էին այն ժամանակ, երբ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին Փաշինյանը հայտնել էր ՀՀ սահմանադրությունը փոխելու հնարավորության մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ընդ որում՝ Բաքուն նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում փետրվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման համար համապետական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հունվարի 25-ին հայտարարել էր, որ իշխանությունները մտադիր են մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ նոր Սահմանադրության տեքստ ունենալ։
Փետրվարի 27-ին Փաշինյանն «Իրական Հայաստանի» մասին քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին 20-30 հոգանոց խմբերով հրավիրել էր կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու նպատակով։