44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ, Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ, գնդապետ Վահան Ավետիսյանի դեմ հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործը 6 տարի անց կարճվել է, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔԿ-ում իրազեկ աղբյուրներին:
Ավետիսյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ «անպետք զինատեսակի» քրեական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էր հայտնվել, 6 ամիս կալանքի տակ մնալուց հետո՝ ազատ արձակվել: Գործն ԱԱԾ-ն է քննել, հետագայում փոխանցել զինվորական քննչական բաժին:
«Իրավապահները չկարողացան ապացուցել, որ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված զինատեսակն անպիտան էին: Հենց այս հիմքով էլ, ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, քրգործը կարճվել է»,- եզրափակել է օրաթերթը։
2020 թվականին թերթը հայտնել էր, որ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք։ Նրանք պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չէին, որ այն անպիտան է։ Երբ զենքը գնվել է և փորձել են օգտագործել, հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել: