Մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, Հայոց բանակի ստեղծման 33-րդ տարեդարձի օրվա առթիվ իր ուղերձում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բանակի սպաներին ու զինվորներին և համայն ժողովրդին: Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Բանակի առավել հզորացումը հրամակայան է, որ մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը»,- հայտարարել է կաթողիկոսը։
Գարեգին Բ-ն իր աղոթքն է հղել հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով՝ Պաշտպանության նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունել էր «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: