Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը դիմել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին համաձայնագրեր ստորագրած երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ապահովել Արցախի բնակիչների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և անվտանգությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն: Նամակը Բալասանյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի իրականացնելով ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ գլխով, մասնավորապես, 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հակամարտող կողմերի միջև վեճերի խաղաղ կարգավորման դրույթները, կարողացել է կասեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի ռազմական գործողությունները՝ հակամարտության լուծումը տեղափոխելով միջնորդության, համաձայնության և բանակցությունների դաշտ»,- ասված է «Լեռնային Ղարաբաղ-վերադարձիր» նախաձեռնության անունից Բալասանյանի նամակում։
Բալասանյանն ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ԼՂ ավելի քան 22 000 քաղաքացի, որոնք էթնիկ հայ են և բնակվել են Հադրութի, Մարտունու, Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում, ստիպված էն լքել իրենց հայրենիքը, բնակության վայրերը՝ թողնելով տներ, բնակարաններ և կուտակած ողջ ունեցվածքը և ապաստան գտնել Հայաստանում, քանի որ վերոնշյալ շրջաններն անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 քաղաքացի բռնի կերպով զրկվել է իրենց հայրենիքում տներից և 2023 թվականի սեպտեմբերին հայտնվել փախստականի կարգավիճակում, երբ «2020 թվականից ի վեր փխրուն խաղաղությունը խաթարվել էր»։