Երեքուկես տարվա քննարկումներից հետո «ձեռք բերված պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոմունիկացիաների բացման մասին հայտարարություններին։
«Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ապա բաց հարցեր կան»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում «արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային և կապի ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահմանին»։
Բայրամովն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։
«Դրանցից մեկը ֆիզիկական շփումներն են, սակայն ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP29-ի վրա: Այդ պատճառով առերես հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ»,- ասել է Բայրամովը։
Նոյեմբերի 13-ին Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում, որն, ըստ էության, կարող է հասցեագրել և փոխադարձ ու լիարժեքորեն լինել ընդունելի։ Նա նշել էր, որ առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել են Ադրբեջանին։
Փաշինյանը և Ադրբեջանի նախագահը հանդիպել էին հոկտեմբերի 24-ին՝ Կազանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել էին շարունակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ, քննարկել էին նաև սահմանազատման հարցը։
Մոսկվայի կենտրոնում չեչեններին վիրավորած հայ գործարարի են առևանգել
Մոսկվայի կենտրոնում՝ Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ, անհայտ անձինք հայ գործարար Արեգ Շչեպիխինին բռնի ուժով նստեցրել են թարթող լույսով մեքենայի բեռնախցիկ...