ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակներում տեղի ունեցած «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը մեկնաբանել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրության մասին հարցը:
«Ո՞ր թվականին: Ա՛յս»,- այսպես է նա պատասխանել մոդերատոր Politico in Europe-ի գործադիր խմբագիր Գորդոն Ռեպինսկու հարցին՝ եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կուզենար, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ:
Փաշինյանը հավելել է, որ Երևանը սպասում Է ՀՀ-ին Եվրոպական խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը և հույս է հայտնել, որ վիզաների ազատականացման բանակցություններում դրական արդյունք կլինի։
«Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները։ Նախորդ տարի Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը»,- նշել է նա։
Վարչապետը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատրաստակամությունը։
«Շատ կարևոր է, որ մենք ավելի ու ավելի շոշափելի աջակցություն ստացանք ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների հումանիտար կարիքները հասցեագրելու համար, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն շատ զգայուն և էմոցիոնալ հարց է մեզ համար»,- հավելել է նա։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն կդիտարկի Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին աջակցելու հնարավորությունը, ինչպես նաև Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակները։
2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը վիզային ռեժիմի ազատականացման հարցը համարել էր Հայաստան-ԵՄ օրակարգի ամենաբարդ հարցերից մեկը։ Ապրիլի 4-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն Եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։




































