Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակի օրն այս տարի այն կնշվի հունվարի 27-ին:
Ըստ ավանդության՝ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, և սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությանը: Այդ օրվան վերաբերում է ևս մեկ սովորույթ. փոխինդով սկուտեղը դնել տանիքին կամ պատշգամբին, և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:
Ավանդությունը պատմում է, որ Ս. Սարգիսը պետք է անցնի տների մոտով՝ հրեշտակների ուղեկցությամբ: Եվ եթե փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը (մաքրության և անաղարտության խորհրդանիշը), ապա այդ տարի կիրականա սիրահարված երիտասարդի երազանքը: Այսօր երիտասարդները նվիրում են միմյանց բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք:
Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի: Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով:
Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված: Ս. Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:




































