Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Սամվել Շահրամանյանը մեկնաբանել է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց կատարված ակցիան՝ կարծիք հայտնելով, որ որոշ մարդիկ այնտեղ էին անկարգությունները սադրելու նպատակով:
«Լսել եմ տարբեր մեկնաբանություններ, որ դա կազմակերպված էր, ուղղորդված էր։ Այդ կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, բայց ես դրանց վերաբերում եմ հետևյալ ձև, որ մեր քաղաքացիները, հաշվի առնելով նաև իրենց սոցիալական և հոգեկան բարդ իրավիճակը՝ ցանկանում էին որոշակի հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ իրենց ղեկավարներից։ Ես դա համարում եմ նորմալ և բավականին կառուցողական, բայց, ցավոք սրտի, մենք այդ միջադեպը ունեցել, քանի որ այդ մարդկանց մեջ կային անձինք, որոնք եկել էին այլ նպատակով՝ սադրելու անկարգություններ»,- ասել է նա։