Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ: Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ` նրանց վիճակը փոքր-ինչ կայունացել է, և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին:
Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին։ Ավելի ուշ ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել տեղի ունեցած պայթյունից։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։
Առանցքային հարցերում հաջողության չհասնելու դեպքում կդադարեցվի քննարկումը ՀՀ կառավարության հետ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ...