Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա առիթով ներկայացուցչական չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Կապան, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ «Սյունիք» օդանավակայանում Արայիկ Հարությունյանին և Արմեն Գրիգորյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և պաշտոնատար այլ անձինք:
Գերատեսչության տեղեկություններով՝ բարձրաստիճան պաշտոնյաները շրջել են «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում են Կապանի օրվա առիթով անցկացվող տոնական միջոցառումներին:
Օգոստոսի 18-ին Հայաստանի ԱԱԾ-ն հայտնել էր Կապանի օդանավակայանի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին։ Անվտանգության ծառայության տվյալներով՝ փամփուշներից վնասվել են օդանավակայանի շենքի պատուհանն ու տանիքը։
Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը հաստատել էր, որ Սյունիքի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները պատահական չեն եղել։ Նրա խոսքով՝ օդանավակայանը շատ մոտ է ադրբեջանական դիրքերին, և օդանավակայանից վայրէջք կատարելիս և օդ բարձրանալիս ինքնաթիռները կարող են խախտել Ադրբեջանի օդային տարածքը։
Ի պատասխան Բաքվի հայտարարության՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել էր, որ թռիչքները կիրականացվեն բացառապես Հայաստանի օդային տարածքում։ Օգոստոսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Երևան-Կապան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին: