Անդրանիկ Օզանյանը, որին հայությունը պարզապես Զորավար Անդրանիկ պատվանունն է տվել, հռչակավոր և բացառիկ ժողովրդականություն ունեցող զորավար էր, որը մեծ պատիվ էր վայելում ինչպես հայրենակիցների, այնպես էլ օտարների շրջանում։
Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի հայտնի Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։
Օսմանյան կայսրության վերջին տարիներին նրա պատերազմական սխրանքները Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո թուրքական ու քրդական գազանությունների դեմ հայերի զինված պաշտպանության սակավաթիվ դրվագներից են։
Լքելով Օսմանյան կայսրությունը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնում է արևելքում՝ Արցախի, և հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան և Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։
1919թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների և պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու, և կարողանում է հավաքել 500,000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մոտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապես տեղափոխվում է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր այն ժամանակ խոշոր հայկական գաղութ կար։
Զորավար Անդրանիկը մահացել է 1927թ. օգոստոսի 31-ին Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928թ. հունվարին նրա աճյունը փոխադրվել է Փարիզ և վերաթաղվել Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000թ.) աճյունը տեղափոխվել է հայրենիք, ամփոփվել Երևանի Եռաբլուր պանթեոնում։
Օզանյանի մտքերը.
- Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում:
- Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելու ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար:
- Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ:
- Իմ կուսակցությունն իմ ազգն է:
- Մարդ կարող է հարյուր տուն ունենալ, բայց միայն մի Օջախ:
- «Գործս կիսատ մնաց…» (օգոստոսի 31, 1927, Անդրանիկի վերջին խոսքերը մահվանից առաջ):