Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին ՀԱՊԿ Խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրել, դա կարևոր է նաև Հայաստանի համար։ Այս մասին՝ ТАСС-ի փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Մոսկվայում կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում:
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում աշխատել է մոնիթորինգային առաքելությունը՝ մեր կազմակերպության գլխավոր քարտուղարի և օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին, որը քննարկվել է խորհրդի նոյեմբերի 23-ի նստաշրջանում: ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով այդ նախագիծն ընդունել չհաջողվեց, – նշել է նա։ – Ես հույս ունեմ, որ որոշակի լրամշակումից հետո մենք դուրս կգանք այդ որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ձեռնարկմանը։ Ես վստահ եմ, որ դա պետք է, այդ թվում՝ Հայաստանի համար»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և վեհաժողովի լիագումար նիստը: Մասնակիցները քննարկում են ահաբեկչության դեմ պայքարը, ինքնիշխանության ապահովման հարցերը և կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը: