ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շրջանում լարվածության մասին հաղորդագրություններով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ТАСС-ը։
«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին։ Մենք այժմ չենք կարող հաստատել այդ տեղեկությունները: Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և մնացած բոլոր հարցերը լուծել երկխոսության միջոցով», – Դյուժարիկի խոսքը մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: