ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։
Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, որ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ, փոխկապակցվածությամբ։ Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։
Արմեն Մանասյանը նշել է, որ գերմանական «Կուս» լարային քառյակի երևանյան այցի շրջանակում, բացի համերգից, կիրականացվի մշակութային իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ երաժշտության խնդիրների շուրջ քննարկում «Կուս» քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ:
Այն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին: Բացի դրանից՝ կկայանան կամերային անսամբլի վարպետության դասեր: Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետության դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։ Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։