Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Սուրբ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Ապրիլի 7-ը Հայաստանում հռչակված է նաև որպես Մայրության ու գեղեցկության տոն: Անկախությունից հետո Ավետման տոնը մեկն է մեր այն ազգային-եկեղեցական տոներից, որը թոթափեց խորհրդային շրջանի արհեստական մոռացության փոշին և իր արժանի տեղը վերագրավեց մեր տոնացույցում:
Տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ: