Ճապոնիայի Կյուսյու կղզում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի սպառնալիք, տեղեկացնում է երկրի օդերևութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա՝ Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում։ Ցունամիի մինչև 1 մետր բարձրությամբ ալիքների վտանգ է հայտարարվել Արիակե և Յացուսիրո ծոցերի ափերի համար։
Առաջին երկրաշարժից մեկ ժամ չանցած գրանցվել է ևս մեկ ցնցում՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ։ Միաժամանակ, ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը երկու երկրաշարժերի ուժգնությունը գնահատել է համապատասխանաբար 6,8 և 5,6 մագնիտուդ։
«Կյուսյու» էլեկտրաէներգիայի ընկերությունը հայտնել է, որ Ճապոնիայի երկրաշարժից հետո Գենկայի և Սենդայի ատոմակայաններում շահագործման խափանումներ չեն եղել։
«Սենդայի ատոմակայանի 1-ին և 2-րդ բլոկները, ինչպես նաև Գենկայի ատոմակայանի 4-րդ բլոկը շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Գենկայի ատոմակայանի 3-րդ բլոկը ենթարկվում է պլանային սպասարկման»,- ասվում է հայտարարության մեջ։
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 50 մարդ։ Երկրաշարժը նաև հրդեհներ է առաջացրել, վնասել շենքեր և կամուրջներ։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հանձնարարել է պատասխանատու գերատեսչություններին արագ գնահատել վնասների ծավալը, օգնություն ցուցաբերել հնարավոր տուժածներին և կազմակերպել անհրաժեշտ տարհանում։
Նշվում է, որ սա 2024 թվականի հունվարին Նոտո թերակղզու երկրաշարժից հետո Ճապոնիայում գրանցված առաջին 7 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն է։






































