Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների մասին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Խոսելով Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ-ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանը շեշտել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը վերահաստատել է 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության դրույթները՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելուն ուղղված քայլերի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության՝ զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։
Ռուսաստանը վերջին ամիսներին հետևողականորեն սահմանափակումներ է մտցնում հայկական արտահանման նկատմամբ։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից Մոսկվան արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։ Հուլիսի 27-ից կսահմանափակվի նաև կաթնամթերքի ներմուծումը ՌԴ։
Հունիսի 8-ին Փաշինյանը հայտարարել էր Հայաստանից գյուղմթերքը ԵՄ առանց մաքսատուրքի արտահանելու քաղաքական պայմանավորվածության մասին։ Հունիսի 28-ին հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել էր Եվրամիություն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ նոր շուկաները հայ արտադրողներին հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել արտահանումը։
Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։





































